slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Կայացավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և արտերկրի դատափորձագիտական կառույցների հետ համատեղ կազմակերպված գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, ապրիլի 14-ին մասնակցել են Բյուրոյի և արտերկրի գործընկեր կառույցների հետ համատեղ կազմակերպված հերթական միջազգային գիտագործնական գիտաժողովին։ «Դեպքի վայրի որակյալ զննությունը կարևոր գործոն՝ հետագա դատական փորձաքննությունների համար» թեմայով տեսակոնֆերանսին մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի հեղինակավոր գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ուկրաինայից։ Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Կառույցի ղեկավարը նախ շնորհավորեց միջոցառման նախաձեռնող Մոլդովայի դատափորձագիտական համայնքին՝ իրենց երկրում նշվող դատական փորձագետի մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական նվաճումներ։ Ա․ Հովսեփյանն ընդգծեց ավանդական դարձած համատեղ գիտաժողովների կազմակերպմամբ արտերկրի դատափորձագիտական կառույցների հետ սերտ կապերի հաստատման ու զարգացման կարևորությունը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող գործնական խնդիրների արդյունավետ լուծման և գիտամեթոդական ապահովման համատեքստում: «Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը բարձր է գնահատում մեր կազմակերպությունների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը։ Փոխգործակցության առկա ձևաչափը թույլ է տալիս ամրապնդել դատափորձագիտական և քրեագիտական տեսական և գործնական գիտելիքները, քննարկել բազմաթիվ արդիական հարցեր և խնդիրներ, առաջարկել դրանց լուծման արդյունավետ ուղիներ։ Անշուշտ, հարգանքի է արժանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում նման ընդգրկուն գիտագործնական միջոցառումների նախաձեռնումը, ինչը վկայում է մեր կառույցների աշխատակիցների նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»,-իր ելույթում նշեց Ա․ Հովսեփյանը։ Վերջինս, միաժամանակ երախտագիտություն հայտնեց Մոլդովայի դատափորձագիտական կենտրոնի ղեկավարությանն ու աշխատակազմին Հայաստանում Բյուրոյի կողմից հրատարակվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի հետ ակտիվ համագործակցության համար։ Դատական փորձագետների միջազգային համաժողովին զեկույցով հանդես եկավ նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Վարդգես Ֆրանգյանը՝ ներկայացնելով հրդեհի վայրի զննության մարտավարական առանձնահատկությունները։ Խոսելով փորձաքննության բարդ տեսակներից մեկը համարվող հրդեհատեխնիկական փորձաքննությունների անցկացման ընթացքում առավել հաճախ ի հայտ եկող խնդիրների մասին, փորձագետն ընդգծեց հրդեհի վայրի պատշաճ և լիարժեք հետազոտության անհրաժեշտությունը, հետազոտությունների մեթոդների կիրառման առանձնահատկություններն ու այլ մասնագիտական նրբություններ։ Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը, որը նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow